JW subtitle extractor

Տոկունություն սովորենք ստեղծագործությունից

Video Other languages Share text Share link Show times

Ինչպե՞ս է ուղտը դիմանում այս դժվար պայմաններում։
Եհովան նրան յուրահատուկ կերպով
նախապատրաստել է անապատում ապրելու համար։
Ի՞նչ կա ուղտի սապատում։
Հիմնականում ճարպ։
Առողջ ուղտի սապատը կարող է
կշռել 36 կիլոգրամ, կամ՝ 80 ֆունտ։
Սննդի սակավության ժամանակ նրա մարմինը
սկսում է սպառել այդ ճարպի պաշարը։
Ջրի աղբյուր գտնելիս ծարավ ուղտը մի քանի րոպեում
կարող է խմել մինչև 95 լիտր, կամ՝ 25 գալոն ջուր։
Ուղտի մարմինը քիչ ջուր է կորցնում,
անգամ կիզիչ արևի տակ։
Դրա շնորհիվ նա կարող է շաբաթներ, նույնիսկ
ամիսներ շարունակ ճանապարհ գնալ առանց ջուր խմելու։
Սննդանյութեր և ջուր պահեստավորելու ուղտի
զարմանահրաշ ունակությունը նրան օգնում է տոկալ։
Հյուսիսային Ամերիկայի բարձր լեռներում շատ
բույսերի համար կենսապայմաններն անբարենպաստ են։
Սակայն քիստավոր սոճին կարող է ոչ միայն գոյատևել,
այլև փարթամ աճել ծովի մակարդակից 3000 մետր,
կամ՝ 10 000 ֆուտ բարձրության վրա։
Այս ծառը կարող է ապրել հազարավոր տարիներ։
Նրա տոկունության գաղտնիքը մասամբ
արմատային համակարգի մեջ է։
Ծառի կողմնային արմատները տարածվում են հողի
վերին շերտում և հնարավորինս շատ ջուր են կլանում։
Իսկ խորքում գտնվող ամուր և հաստ արմատները
ծառին կանգուն են պահում ամենաուժգին քամիների առաջ։
Այս զարմանահրաշ ծառը այնպես է ստեղծված,
որ դիմանա ամենաանբարենպաստ պայմաններին։
Այն դասվում է երկրագնդի ամենաերկարակյաց
կենդանի օրգանիզմների շարքում։
Թիթեռները կարևոր դեր են խաղում
ծաղիկների փոշոտման գործում։
Նրանք նաև զարմացնում են մեզ իրենց սխրագործությամբ։
Հյուսիսային Ամերիկայում ամեն տարի մոտ 300 միլիոն
մոնարխ թիթեռ Կանադայից թռչում է մոտ 4 000 կիլոմետր,
կամ՝ 2 500 մղոն՝ հասնելով Մեքսիկայի անտառներից մեկը։
Թիթեռները նաև շատ դիմացկուն են։
Նկատվել է, որ որոշ թիթեռներ իրենց թևերի
մակերեսի 70 տոկոսը կորցնելու դեպքում էլ
շարունակում են թռչել և սնվել։
Թիթեռները նուրբ և փխրուն փոքրիկ էակներ են,
սակայն ապշեցնում են իրենց տոկունությամբ։
Բևեռային երկարապոչ ջրածիծառները,
ինչպես հուշում է նրանց անունը,
բազմանում են երկրագնդի հեռավոր հյուսիսային շրջաններում։
Կարճատև արկտիկական ամռան ընթացքում նրանք
հասցնում են մեծացնել իրենց ձագերին։
Բայց երբ մոտենում է ձմեռը,
նրանք չվում են հարավ՝ Անտարկտիկայի շրջան։
Այդ ժամանակ հարավային կիսագնդում սկսվում է ամառը։
Երբ այստեղ ամառն ավարտվում է,
նրանք վերադառնում են Արկտիկա։
Կենդանական աշխարհում սա ամենամեծ
հեռավորությամբ կատարվող միգրացիան է։
Չվելիս ինչո՞վ են առաջնորդվում այս թռչունները։
Գիտնականները կարծում են, որ նրանք
զգում են երկրի մագնիսական դաշտը,
ինչի շնորհիվ կողմնորոշվում են, թե ուր թռչեն։
Բայց թե ինչպես են նրանք դա անում, գաղտնիք է մնում։
Եհովան այս թռչնին տեղորոշման ճշգրիտ միջոց է տվել,
որ նա կատարի իր երկար ճանապարհորդությունը։
Կիվիվի այս տեսակը ապրում է Աֆրիկայում։
Նա իր բույնը գետնի վրա է դնում, հաճախ ջրին մոտ։
Այսպիսի տեղանք ընտրելու հետևանքով
նա կարող է բախվել խոշոր կենդանիների։
Երբ բնին վտանգ է սպառնում,
կիվիվը տագնապի ճիչ է արձակում։
Երբեմն այս թռչունը փորձում է քշել անկոչ հյուրին։
Որոշ դեպքերում էլ նա քաջաբար
կանգնում է կենդանու առաջ
ու տեղից չշարժվելով՝
տարածում է թևերը և ուժգին ճչում։
Եղել են դեպքեր, երբ կիվիվը
հարձակվել է նաև մարդկանց վրա,
կռվել փղի ու գոմեշի դեմ, երբեմն էլ կտուցի
սուր ծայրով հարվածել խոշոր կենդանուն։
Եհովան կիվիվին համարձակությամբ է օժտել,
որ պաշտպանի իր ձագուկներին։
Սինա անապատում շատ քիչ տեղումներ են լինում։
Ակացիան այստեղ աճող սակավաթիվ ծառատեսակներից է։
Այս ծառի բնափայտը խիտ է ու պինդ,
ուստի միջատները չեն կարողանում վնասել այն։
Ակացիայի որոշ տեսակներ պաշտպանված
են հաստ կեղևով ու երկար սուր փշերով։
Այս ծառերը հաճախ իրար շատ մոտ են աճում։
Որոշ ակացիաների ճյուղեր միահյուսվում են՝
կազմելով խիտ հովանոցաձև պսակներ։
Ուրիշ տեսակներ էլ կազմում են խիտ թփուտներ։
Այս բնական պաշտպանությունը ակացիային օգնում է դիմակայել։