JW subtitle extractor

Քաջություն սովորենք Աստծու ստեղծագործություններից

Video Other languages Share text Share link Show times

Առյուծը բնութագրվում է որպես անվախ կենդանի,
և դա պատահական չէ։
Այս գիշատիչը Աֆրիկայի ամենամեծ կատվազգին է։
Չափահաս արու առյուծը կարող է կշռել
մինչև 230 կիլոգրամ, կամ՝ մոտ 500 ֆունտ։
Թեև էգերն ավելի փոքրամարմին են,
բայց կարող են կշռել մինչև 180 կիլոգրամ,
կամ՝ գրեթե 400 ֆունտ։
Առյուծներին հաջողվում է որսալ այնպիսի խոշոր
կենդանիների, ինչպիսիք են գոմեշը և գետաձին։
Առյուծները կատվազգիներին պատկանող
միակ կենդանիներն են, որ ապրում են խմբերով։
Այդ խմբերը, որոնք կոչվում են պրայդ,
սովորաբար բաղկացած են ազգական էգերից,
նրանց ձագերից և փոքր թվով արուներից։
Չափահաս առողջ առյուծների համար
ուրիշ գիշատիչները վտանգավոր չեն։
Զարմանալի է, սակայն նրանց վտանգ է
սպառնում բոլորովին այլ տեղից։
Նրանց վրա կարող են հարձակվել ուրիշ առյուծներ։
Առյուծներն ունեն իրենց տարածքները։
Նրանք հարձակվում և սպանում են ուրիշ առյուծների՝
նրանց որսի տարածքին տիրանալու նպատակով։
Կորյուններին մեկ այլ վտանգ է սպառնում։
Մրցակից արու առյուծների խմբերը
փորձում են քշել մյուս արուներին՝
նրանց պրայդին տիրանալու համար։
Հաջողության հասնելու դեպքում
նրանք սպանում են նրանց ձագերին,
իսկ հետո իրենց սերունդն են առաջ բերում։
Փոքրիկ կորյունները անպաշտպան են։
Սակայն առյուծները ողջ եռանդով
պաշտպանում են իրենց ձագերին։
Թե՛ արուները և թե՛ էգերը իրենց պրայդը
պաշտպանում են մյուս առյուծներից։
Մայր առյուծը պաշտպանում է իր կորյուններին,
նույնիսկ եթե վտանգ կա, որ ինքը կվիրավորվի կամ
կսպանվի իրենից խոշոր արու առյուծի կողմից։
Մի քանի մայր առյուծներ կարող են
խմբովի պաշտպանել իրենց ձագերին,
և այդ դեպքում հավանականությունը մեծ է,
որ ձագերը կփրկվեն։
Հին ժամանակներում ռազմի դաշտում
հաճախ ձիեր էին օգտագործում։
Ռազմամուղ ձին հզոր զենք էր։
Պատերազմի դաշտում հեծելազորի կամ մարտակառքերի
զուտ ներկայությունը վախեցնում էր հակառակորդին:
Սակայն որպեսզի ձիերը օգտակար լինեին պատերազմի ժամանակ,
հարկավոր էր նրանց վարժեցնել։
Ձիերը ի բնե քաջ չեն։
Եթե նրանք լավ վարժեցված չէին լինում,
խանգարում էին ռազմի դաշտում։
Ինչո՞ւ։
Ունենալով լավ զարգացած տեսողություն և լսողություն՝
ձիերը արագ վախով են համակվում։
Ձիու տեսադաշտը կազմում է գրեթե 360 աստիճան։
Հնում ռազմի դաշտը հագեցած էր
ձիերին սարսափեցնող տեսարաններով։
Այդ պատճառով ռազմիկները երբեմն ձիու
աչքերի կողքերին աչքակալ էին դնում։
Ձիերի 16 մկաններ ղեկավարում են
նրանց ականջներից յուրաքանչյուրը։
Նրանք կարող են այնպես շարժել իրենց
ականջները, որ ձայնը ավելի հստակ լսվի։
Ձին մոտեցող վտանգի ձայնը մարդուց ավելի արագ է լսում։
Միշտ վտանգ կար, որ պատերազմի դաշտում ձիերը խուճապի կմատնվեն։
Հնում զորքերը դիտավորյալ փորձում էին վախեցնել
թշնամու ձիերին՝ քաոսային վիճակ ստեղծելու նպատակով։
Ինչպե՞ս էին ձիերին վարժեցնում պատերազմի համար։
Մարդիկ նրանց ընտելացնում էին ռազմի դաշտում
հանդիպող տեսարաններին ու լսվող ձայներին։
Այդպես նրանք աստիճանաբար հաղթահարում էին իրենց վախը։
Երբ ձին լավ վարժեցված էր լինում,
պատերազմի ձայն լսելիս ոչ թե փախչում էր,
այլ քաջաբար առաջ սլանում։
Հարավային Ասիայում բնակվում է փոքր կաթնասունների մի տեսակ,
որը զարմանալիորեն քաջ է։
Դա հնդկական մոխրագույն մանգուստն է։
Մորթով ծածկված այս արարածը
համեմատաբար փոքր չափսեր ունի։
Նրա մարմնի երկարությունը գլխից մինչև պոչ
մեկ մետրի, կամ՝ երեք ֆուտի էլ չի հասնում։
Չնայած իր մարմնի փոքր չափերին՝
մանգուստը իրականում համարձակ գիշատիչ է։
Նա սնվում է մանր կենդանիներով, բայց նրա ամենահայտնի որսը թունավոր օձերն են,
օրինակ՝ արքայական կոբրան։
Մանգուստների որոշ տեսակներ,
այդ թվում՝ հնդկական մանգուստը հայտնի են
թունավոր օձերին սպանելու իրենց ունակությամբ։
Ի՞նչն է պաշտպանում մանգուստին
թունավոր օձի հետ մենամարտելիս։
Հնդկական մոխրագույն մանգուստի հաստ մորթին կոշտ մազեր ունի,
որոնք ցցվում են, երբ նա տագնապի մեջ է կամ բարկացած։
Այդ մորթին պաշտպանական դեր է կատարում
և թույլ չի տալիս, որ օձը խայթի մանգուստին։
Սակայն նույնիսկ եթե օձին հաջողվում է խայթել,
նա պաշտպանական ներքին մեխանիզմ ունի՝
օձի թույնի նկատմամբ կայունություն։
Մանգուստը զարմանալիորեն արագաշարժ է ու ճկուն։
Երբ օձը փորձում է խայթել, նա արագ մի
կողմ է փախչում և խույս տալիս նրա խայթոցից։
Մանգուստը նաև անհավանական դիմացկունություն ունի։
Նա կարող է պայքարել այնքան ժամանակ, մինչև որ օձն ուժասպառ լինի։
Երբ մանգուստը իր վերջնական գրոհն է կատարում,
հարվածում է օձի ճիշտ տեղին և սպանում նրան։
Մանգուստը օժտված է պաշտպանական
այնպիսի միջոցներով և կարողություններով,
որոնց շնորհիվ նա անվախորեն կռվում է օձի դեմ և հաղթում նրան։
Կոլիբրիները, որոնք բնակվում են միայն
Հյուսիսային և Հարավային Ամերիկայում,
աշխարհի ամենափոքր թռչուններից են։
Գոյություն ունի կոլիբրիների ավելի քան 300 տեսակ,
որոնց չափերը տարբեր են, սակայն շատ տեսակների
մարմնի երկարությունը 6–12 սանտիմետր, կամ՝ 2,4–4,7 դյույմ է։
Մարդու աչքը չի կարող հետևել կոլիբրիի թևերի թափահարմանը։
Այդ մանր թռչունը այնքան արագ է թափահարում
իր թևիկները, որ թռչելիս բզզոց է լսվում։
Որքան փոքր է կոլիբրին, այնքան
ավելի արագ է թափահարում թևերը։
Ավելի շատ կշռող կոլիբրիները մեկ վայրկյանում
կատարում են մոտ 10–20 թափահարում,
իսկ ավելի քիչ կշռողները սովորական թռիչքի ժամանակ
մեկ վայրկյանում կարող են կատարել 70–80 թափահարում։
Կոլիբրիները կարող են թռչել առաջ և հետ,
թեք՝ կողքի վրա,
ուղիղ դեպի վերև,
ներքև և կարճ ժամանակով՝ գլխիվայր։
Նրանք, ծաղկեպսակի առջև օդում կախված մնալով,
ուտում են նեկտարը:
Սակայն այս փոքրիկ գեղեցիկ թռչունները գրավիչ խառնվածք չունեն։
Կոլիբրիները ագրեսիվորեն պաշտպանում են
նեկտարի այդքան ցանկալի աղբյուրները՝
փորձելով վռնդել ուրիշ կոլիբրիների,
որոնք ներխուժում են իրենց սննդի տարածք։
Էգերը պաշտպանում են իրենց բները։
Հատկապես զուգավորման շրջանում կոլիբրիների բազմաթիվ
տեսակների որձերը պաշտպանում են իրենց բազմացման տարածքները։
Քանի որ կոլիբրիները ճարպկորեն են թռչում,
կարողանում են քշել այնպիսի մեծ թռչունների,
ինչպիսիք են ագռավներն ու բազեները։
Նրանք նույնիսկ արագ ներքև են սլանում՝ գրոհելով մարդկանց վրա։
Չնայած իրենց փոքրիկ չափերին՝
կոլիբրիները պատրաստ են պաշտպանելու իրենց
և այն բաները, որոնք կենսական են իրենց համար։
Աֆրիկյան փղերի հոտը տպավորիչ տեսարան է ստեղծում։
Փղերի ընտանիքը բաղկացած է համեմատաբար հասուն էգերից
և նրանց ձագերից։
Փղերի ընտանեկան կապերը շատ ամուր են,
այդ պատճառով նրանք օգնության են հասնում իրար։
Փղերը հիանալի հիշողություն ունեն,
և դա ամրացնում է միմյանց հետ իրենց կապը։
Նրանք ճանաչում և հիշում են իրար
նույնիսկ երկար ժամանակ բաժանումից հետո։
Երբ փղի ձագը տագնապի մեջ է,
ավելի հասուն փղերը հանգստացնում և մխիթարում են նրան՝
մոտ գալով և դիպչելով իրենց մարմնով կամ կնճիթով։
Եթե փիղը թույլ է կամ վնասվածք է ստացել, մյուս փղերը
կարող են փորձել օգնել նրան, որ վեր կենա և կանգնած մնա։
Ձագերը փղերամի ավելի հասուն անդամներից
կյանքի համար կարևոր հմտություններ են սովորում,
օրինակ՝ ինչպես սնունդ և ջուր հայթայթել։
Երաշտի ժամանակ ջուր գտնելու համար փղերի
հոտը կարող է շատ մեծ տարածություն անցնել։
Այդ ճամփորդությունը կատարվում է հասուն փղերի առաջնորդությամբ,
որոնք ճանապարհին օգնում են իրենց ձագերին։
Բայց ինչպե՞ս են փղերն իմանում, թե ուր պետք է գնան։
Հասուն փղերը տասնամյակներ շարունակ հիշում են,
թե որտեղ կարելի է ջուր գտնել նույնիսկ այնպիսի վայրերում,
որոնք հարյուրավոր կիլոմետրեր հեռու են։
Նրանք երիտասարդ սերնդին սովորեցնում են,
թե որտեղ են գտնվում ջրի այդ աղբյուրները։
Փղերամը ձագերին նաև պաշտպանում է գիշատիչներից։
Փիղը կարող է հարձակվել թշնամու վրա՝ որպես զենք
օգտագործելով իր ժանիքները, կնճիթն ու ոտքերը։
Ձագերին պաշտպանելու համար հասուն փղերը շրջապատում են նրանց՝
կանգնելով վերջիններիս և գիշատիչների միջև։
Եթե հոտի մի անդամը լուրջ վնասվածք է ստանում,
մյուս փղերը, այդ թվում՝ ձագերը
կարող են քաջաբար պաշտպանել նրան։